ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ֆրանսիայի ու Թուրքիայի հարաբերությունները լավը լինեն: Այդ մասին Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
«Մենք մեր տեսակետն ենք ներկայացրել այդ հարցի վերաբերյալ Ֆրանսիայի կառավարությանը և թե ինչպես ենք մտադիր լուծել այդ խնդիրը»,-ասել է Նուլանդը՝ հավելելով, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարգավորումը երկու երկրների գործն է:
Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Ինչպես հայտնել են Ելիսեյան պալատից, Ֆրանսիայի նախագահը կստորագրի օրինագիծը 14 օրվա ընթացքում: