26 հունվարի 2012 - 10:48 AMT
2013թ. ամերիկյան կինոակադեմիան կանցնի էլեկտրոնային քվեարկության

Չորեքշաբթի ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է այն մասին, որ հրաժարվում է քվեարկության ավանդական ձևից, և սկսած հաջորդ տարվանից իրականացնելու է էլեկտրոնային քվեարկություն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Օսկարի» հանձնման ընթացքում էլեկտրոնային քվեարկության անցնելը որոշվել է Ակադեմիայի ներսում իրականացված մեկ ու կես տարվա հետազոտության արդյունքում:

Նորարարությունը կկիրառվի կինոյի աշխարհում ամենահեղինակավոր մրցանակների հանձնման արարողության 85-րդ տարելիցին: Ակադեմիկոսների ընտրությունը կանգ է առել Everyone Counts ընկերության վրա, որը մեկ տարվա ընթացքում կնախապատրաստի և կփորձարկի հաղթողների ընտրության նոր համակարգը: Այս ընկերության հաճախորդներից են համակարգչային անվտանգությամբ զբաղվող ընկերություններ, մասնավորապես ԱՄՆ պաշտպանության նախարարությունից:

Մինչ այժմ թեկնածուների և հաղթողների ընտրությունն իրականացվել է թղթե կտրոնների միջոցով, որոնք ուղարկվել են փոստով:

Այսպես, դեկտեմբերի վերջին ամերիկյան կինոակադեմիան այդ կտրոնները բաժանում էր իր անդամներին, որպեսզի որոշեր կինոաշխարհի գլխավոր մրցանակի թեկնածուներին:

«Օսկարի» ճակատագիրը որոշում են ակադեմիայի 5783 անդամներ: Իսկ նրանց նախընտրությունների արդյունքները ամփոփում է PricewaterhouseCoopers միջազգային աուդիտորական ընկերությունը:

Բոլոր անվանակարգերում թեկնածուները հայտարարվել են 2012թ հունվարի 24-ին, իսկ կինեմատոգրաֆիայում լավագույն աշխատանքների համար ոսկե արձանիկների հանձնման «տարվա արարողությունը» կկայանա փետրվարի 26-ին և ուղիղ եթեր կհեռարձակվի աշխարհի 225 երկրներում, հայտնում է ակադեմիան: Այն վերջին անգամ է հին ձևով անցկացվում: