26 հունվարի 2012 - 11:34 AMT
Google-ը գործարկել է տարերային աղետների մասին տեղեկացնող ծառայություն

Google ընկերությունն իր պաշտոնական բլոգում հայտնել է տարերային աղետների՝ երկրաշարժերի, ջրհեղեղների և այլ նման աղետների մասին տեղեկացնող Public Alerts ծառայության գործարկման մասին: Այն ինտեգրված է ընկերության Google Քարտեզներ (Google Maps) ծառայությանը:

Public Alerts ծառայության էջում օգտագործողը քարտեզի վրա տեսնում է հատուկ պատկերներով նշված վայրեր: Դրանք այն վայրերն են, որտեղ ներկա պահին տարերային աղետ է կամ ըստ օդերևութաբանների սպասվում է աղետ:

Public Alerts-ում օգտագործողը կարող է իրեն հետաքրքրող հարցի որոնում կատարել ըստ աղետի տեսակի կամ եղանակային դրության, տեղանքի և ժամանակի:

Public Alerts-ում հասանելի են նաև տեղեկություններ եղանակի և աղետային վտանգների մասին՝ հենց ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնից, ԱՄՆ օդերևութաբանական ազգային ծառայությունից և ԱՄՆ Երկրաբանական ծառայությունից: Եթե օգտագործողը Google Maps-ում փնտրում է տեղեկություններ իր շրջանում կատարված այս կամ այն աղետի մասին և եթե նշված կազմակերպություններից որևէ մեկը հրապարակել է վտանգի մասին նախազգուշացում, ապա այդ ինֆորմացիան որոնման արդյունքի էջում առաջինն է հայտնվելու:

Public Alerts-ում կարելի է գտնել տեղեկություններ այն մասին, թե ինչ գործողությունների դիմել տվյալ աղետի իրավիճակում: Public Alerts ծառայությունն առայժմ գործում է թեստային տարբերակով:

Սա Google-ի առաջին ծառայությունը չէ, որը օգնում է մարդկանց աղետալի պայմաններում: 2010-ի փետրվարին ընկերությունը գործարկեց Person Finder ծառայությունը, որի միջոցով հնարավոր է գտնել աղետների ժամանակ կորած մարդկանց՝ իմանալ նրանց գտնվելու վայրը, կենդանի կամ մահացած լինելը և այլն: Այս ծառայությունն արդեն օգտագործվել է Նոր Զելանդիայի, Ճապոնիայի, Չիլիի երկրաշարժերի, նաև Բրազիլիայի ջրհեղեղի ժամանակ: