Ֆրանսիական Սենատի որոշումը ցույց տվեց, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը չի կարող դադարեցվել: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
«Սենատի որոշումն ավելի մեծ ճնշում գործադրեց Թուրքիայի վրա, քան առաջ էին գործադրում: Միջազգային հասարակության ուշադրությունը այդքան չէր կենտրոնանա այս հարցի վրա, եթե չլիներ Թուրքիայի գերակտիվ արձագանքը»,-ասել է նա, հավելելով, որ դրա պատճառը նաև այն է, որ քվեարկությանը նախորդում էր նաև Դինքի սպանության 5-րդ տարելիցը:
Կիրակոսյանի խոքով, Թուրքիան «ֆուտբոլային դիվանագիտությանը» կվերադառնա ավելի շուտ, քան սպասվում էր:
Կիրակոսյանը նկատել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան միշտ պետք է հիշի. «Հայաստանի համբերությունն անսպառ չէ և «առանց նախապայմանների» քաղաքականությունը կարող է փոխվել»:
Քաղաքագետի կարծիքով, Հայաստանը պետք է աջակցի թուրքերին, ովքեր կողմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, որը 2011թ դեկտեմբերի 22 ընդունել էր ստորին պալատը: Օրինագծի հեղինակն է Վալերի Բուայեն: Ինչպես հայտնել են նախագահի վարչակազմից, օրինագիծը ոիժի մեջ կդրվի 14 օրվա ընթացքում: