27 հունվարի 2012 - 10:43 AMT
ԱՄՆ ԶՈՒ թվաքանակը կկրճատվի 100 000-ով

Բանակի և ծովային հետևակի քանակը կկրճատվի 100 000-ով, այդ մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան: Հայտարարելով ԱՄՆ զինված ուժերի վերակազմավորման ծրագրերի մասին` Լեոն Պանետտան ընդգծել է, որ հատուկ նշանակության ջոկատները, այնուամենայնիվ, կամրացվեն, և ԱՄՆ-ն նախկինի պես կկարողանա հաղթել «ցանկացած թշնամուն ցամաքում»:

Մոտակա 10 տարվա ընթացքում Պենտագոնի բյուջեն կկրճատվի 487 միլիարդ դոլարով:

Նախարարի խոսքով` մոտակա հինգ տարվա ընթացքում բանակի և ծովային հետևակի զինծառայողների քանակը կկրճատվի 92 հազար հոգով, իսկ որոշ ռազմակայաններ կփակվեն: Ռազմավարության հիմնական շեշտը նույնպես կփոխվի. մասշտաբային հակամարտություններին, ինչպես Իրաքում կամ Աֆղանստանում, մասնակցելու փոխարեն հիմնական շեշտը կդրվի ԱՄՆ ազգային շահերի համար առանցքային տարածաշրջանների և, հատկապես, Ասիայում դաշնակիցների պաշտպանության վրա, հաղորդում է BBC-ն: