27 հունվարի 2012 - 15:55 AMT
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը Բաքվում կքննարկի Ֆրանսիայի Սենատի որոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պեդրեյք Մերֆին այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում կքննարկի Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցը: Այդ մասին salamNews-ին հայտնել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար, դեսպան Քորայ Թարգայը: Նա նշել է, որ այսօր կհանդիպի ԱԳ փոխնախարարներ Արազ Ազիմովի և Մահմուդ Մամեդգուլիևի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանում առկա հակամարտություններն ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված վիճակը, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի հայտնի որոշումը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:

Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի: