24 հոկտեմբերի 2003 - 19:14 AMT
ԱՄՆ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ՆԱՏՕ-Ի ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
ԱՄՆ անհրաժեշտ են համարում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնումը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բարնսը: «Այս երկրները կարեւոր դեր խաղացին Աֆղանստանում իրականացված գործողության ընթացքում: Նրանք չեն կիսում բոլոր այն ժողովրդավարական արժեքները, որոնց մենք հավատարիմ ենք Հյուսիսատլանտյան Դաշինքում, սակայն ռազմավարական հեռանկարում նրանք ցանկանում են մասնակցել խաղաղապահ գործողություններին եւ հակամարտությունների կանխարգելմանը: Նրանք մեր գործընկերներն են, եւ մենք պետք է օգնենք նրանց այդ գործում»,- հայտարարել է Ն. Բարնսը: