Վրացական կողմը համաձայն է Թուրքիային տեղ հատկացնել նոր մզկիթի կառուցման համար: Այդ մասին Անկարայում Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուռուայի հետ հանդիպմանը հայտնել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Երթուրուլ Գյունայը:
«Թուրքիայի և Վրաստանի միջև սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններ են հաստատվել, և մենք ուզում ենք խորացնել համագործակցությունը նաև տուրիզմի և մշակույթի ոլորտում: Երկու երկրներում էլ կան մշակութային հուշարձաններ, որոշ ժամանակ բանակցություններ էին ընթանում դրանց վերականգնման մասին, և այսօր մենք կոնկրետ արդյունքի ենք եկել:
Վրացական կողմը պատրաստ է տեղ հատկացնել, որտեղ մենք կկառուցենք Ազիզեի նոր մզկիթը: Ինչպես մենք պայմանավորվել ենք նախարարի հետ, Ախալցխայում կվերականգնվի Ահմեդիա համալիրը: Աշխատանքը կապահովի վրացական կողմը` թուրք մասնագետների մասնակցությամբ»,- ասել է Գյունայը:
Թուրքիան իր հերթին պարտավորվում է վերականգնել Օշկի և Իշխանի հուշարձանները` վրաց մասնագետների հսկողությամբ և մասնակցությամբ: