Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպմանը երկուստեք քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, ընդգծվել է տնտեսական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում:
«Մենք ցանկանում ենք բոլոր ոլորտներում շարունակաբար ընդլայնել հայ-ամերիկյան հարաբերությունները»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Այժմ, երբ մենք նշում ենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ուզում եմ վստահեցնել, որ Միացյալ Նահանգների և նրա ժողովրդի հանձնառությունը Հայաստանի անկախության, բարեկեցության և հաջողության նկատմամբ մնում է նույն բարձր մակարդակի վրա, ինչպիսին եղել է»,- ասել է Էրիկ Ռուբինը: