28 հունվարի 2012 - 12:08 AMT
Սեյրան Օհանյան. Բանակը հաջողությամբ է կատարում իր գլխավոր խնդիրը՝ Հայաստանի ու Արցախի պաշտպանությունը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցելով զոհված ազատամարտիկների հիշատակին, շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 20-ամյակի առթիվ:

«Բանակի կազմավորման ողջ ընթացքին մասնակցել է ամբողջ ժողովուրդը: Եվ այդ ջանքերի շնորհիվ, մենք կարողացանք 20 տարում ունենալ կայացած բանակ, որը կատարում է իր գլխավոր խնդիրը՝ հուսալիորեն պաշտպանելով սահմաններն ու ապահովելով Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Եվ կատարում է բարձր մակարդակով»,-ասել է Սեյրան Օհանյանը լրագրողներին:

Նախարարը նշել է, որ բանակը ստեղծվում էր առանձնահատուկ պայմաններում, անմիջապես ռազմական գործողությունների ընթացքում. «Դա մեզ պարտադրված պատերազմի, Սպիտակի ավերիչ երկրաշարժի ու շրջափակման ժամանակն էր»:

Նախարարը նաև կարևորել է բանակում իրականացվող բարեփոխումները, որոնց նպատակն է ԶՈւ մարտունակության բարձրացումը: