Հարկավոր է քննարկել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի կարգավիճակից զրկելու մասին հարցը: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն CNN Turk եթերում: «Եթե կա երկու ժողովուրդ, ում հուզում է հայ-ադրբեջանական հակամարտությունը, ապա դրանք ռուսներն են ու թուրքերը:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին երկու օր անցկացրեց Հայաստանում և միայն մի քանի ժամ Ադրբեջանում: Նա բացահայտ կերպով ի ցույց դրեց իր դիրքորոշումը: Որպես այդ ոլորտում աշխատող մարդ, ես հայտարարում եմ, որ Ֆրանսիան չի կարող կատարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պարտականությունները»,-հայտարարել է նախարարը:
Նշելով, որ այդ հարցը կքննարկվի Թուրքիայի կողմից, Դավութօղլուն ընդգծել է, որ այդ առնչությամբ հարցապնդում կուղարկվի ԵԱՀԿ ՄԽ: «Մենք պետք է դա քննարկենք: Կամ բանակցությունների սեղանի մոտ որպես լիիրավ անդամ կնստի Թուրքիան, կամ անդամակցությունից պետք է հրաժարվի Ֆրանսիան: Սա է մեր դիրքորոշումը»,-ասել է նա: