28 հունվարի 2012 - 12:55 AMT
ԱՄՆ նախագահի թեկնածուն Պուտինին բռնապետ է անվանել

ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին Մոսկվայի հետ Օբամայի վարչակազմի մերձեցման քաղաքականությունը սխալ է անվանել` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին հիշատակելով Ֆիդել Կաստրոյի հետ մեկ շարքում և նրանց երկուսին էլ անվանելով բռնապետ, հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»:

«Օբամայի սխալը մերձեցումն է աշխարհի (ամերիկյան իդելաների տեսակետից) ամենավատ քաղաքական գործիչների հետ, լինի դա Պուտինը Ռուսաստանում` հանձնելով նրան այն ամենը, ինչին նա ձգտում է, կամ Կաստրոն` թեթևացնելով (Կուբայի դեմ) պատժամիջոցները... Ամբողջ աշխարհում բռնապետներն օգտագործում են (Օբամայի ցուցաբերած) թուլությունը, որպեսզի ամեն ինչ իրենց օգտին շուռ տան»,- հայտնել է Ռոմնին Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուների դեբատների ժամանակ, որոնք հեռարձակում էր CNN հեռուստաընկերությունը:

Անցյալ տարի մորմոն Ռոմնին դժգոհություն էր հայտնում այն առիթով, որ Օբաման չկարողացավ ստանալ Ռուսաստանի համաձայնությունը Իրանի դեմ լուրջ պատժամիջոցների համար` Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) օբյեկտները Մոսկվային «հանձնելու» դիմաց: