28 հունվարի 2012 - 13:30 AMT
Կահիրեում նոր բախումներ են տեղի ունեցել

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի են ունեցել բախումներ «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժման ու նրանց հակառակորդների միջև, որոնք աշխարհիկ պետության կողմնակիցներ են: Ինչպես հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը, բախումները տեղի են ունեցել նախօրեին, բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, որը նվիրված էր հունվարի 25-ի ապստամբության տարելիցին: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Նախօրեին տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Թահրիր հրապարակում՝ պահանջելով զինվորականների իշխանությունն անհապաղ հանձնել Ազգային ժողովին:

Եգիպտոսի խորհրդարանը սկսել է աշխատանքը հունվարի 23-ին՝ գրեթե երկու ամիս տևած ընտրություններից հետո: Զինված ուժերի գերագույն խորհուրդը արդեն հայտարարել է օրենսդրական լիազորությունները Աժ-ին փոխանցելու մասին: Միևնույն ժամանակ, զինվորականները պահպանում են նախագահի լիազորությունները մինչ հունիսի 30-ին կայանալիք նախագահական ընտրությունները: