22 հոկտեմբերի 2003 - 20:24 AMT
ԵԱՀԿ ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ԿԻՍՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՐԾԻՔԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները չի կարելի անարդյունավետ համարել, թեեւ միջնորդները չեն հասել խաղաղ կարգավորման: «Թուրան» գործակալությանը նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ, Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար Յապ դե Հուպ Շեֆերը: Այդ իսկ պատճառով նա համաձայն չէ այն կարծիքի հետ, թե ժամանակն է փոփոխելու միջազգային միջնորդների ձեւաչափը` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի: Յա. դե Հուպ Շեֆերը նշել է, որ Մինսկի խումբը մի շարք առաջարկություններ է մշակել հակամարտության կարգավորման շուրջ եւ պայմաններ ստեղծել հակամարտող կողմերի տարբեր մակարդակների պաշտոնատար անձանց բազմաթիվ հանդիպումների համար: «Վերջապես կողմերն իրենք են հայտարարել, որ Մինսկի խումբը տվյալ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար լավագույն ձեւաչափն է»,-ասել է նա: Շեֆերը ավելացրել է, որ Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս կայացած իր հանդիպումների ընթացքում երկու կողմերն էլ հույս են հայտնել, որ հետընտրական ժամանակաշրջանը կարող է հարմար պահ լինել բանակցությունների վերսկսման համար: