28 հունվարի 2012 - 15:23 AMT
ԱՄՀ տնօրեն. Անհրաժեշտ է այնպիսի մեխանիզմ, որը կօգնի խուսափել ճգնաժամի տարածումից

Եվրամիության երկրները ճիշտ քայլեր են կատարում պարտքային ճգնաժամի հաղթահարման համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հունվարի 28-ին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագարդը: «Ճգնաժամի հաղթահարման համար մեծ աշխատանք է կատարվում: Մենք առաջընթաց ենք նկատում»,- ընդգծել է նա:

Միևնույն ժամանակ ԱՄՀ տնօրենն անհրաժեշտ է համարում կայունության գործող մեխանիզմ ստեղծել: «Անհրաժեշտ է այնպիսի մեխանիզմ, որը կօգնի խուսափել ճգնաժամի տարածումից և դրա հետ մեկտեղ կապահովի ներդրողների երաշխիքներն ու վստահությունը»,- ընդգծել է նա:

Քրիստին Լագարը հաղորդել է նաև, որ ԱՄՀ-ն նախատեսում է եվրագոտու խնդրառատ պետություններին աջակցության ծրագիր: