30 հունվարի 2012 - 11:03 AMT
Լևոն Արոնյան. Վեյկ ան Զեեի այս մրցաշարը լավագույնն էր իմ կարիերայում

«Ես շատ գոհ եմ, որ հաջովեց այսքան լավ խաղալ: Շատ հաճելի է, որ այսքան մարդ կարողացա ուրախացնել»,- Վեյկ ան Զեեի մրցաշարի հաղթանակից հետո ասել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Արոնյանը 13 տուրում տարավ 7 հաղթանակ, 4 անգամ ոչ ոքի խաղաց և միայն երկու անգամ զիջեց, երրորդ անգամ նվաճելով Վեյկան Զեեի հաղթողի կոչումը:

«Սա լավագույն մրցաշարն էր իմ կարիերայում: Անշուշտ, ես շատ մրցաշարերում եմ հաղթել, սակայն որ ամբողջությամբ վերահսկեմ խաղը՝ դա միշտ չի, որ հաջողվել է: Իսկ այստեղ ինձ թվում էր, որ ես բավականին վերահսկում էի իրավիճակը շատ դեպքերում»,-Արոնյանի խոսքն է մեջբերում chess-news.ru-ն:

Ըստ շախմատիստի, նա իրար ետևից մի քանի մրցաշարերի մասնակցեց 2011թ. վերջում. «Մրցաշարերի շարքից հետո ես որոշեցի հանգստանալ: Մեկ ամիս ես չեմ մոտեցել խաղատախտակին, ուղղակի հանգստացել եմ ու ինձ թվում էր, որ դա կարող է վտանգավոր լինել, քանի որ իմ մրցակիցները հավանաբար այդ ժամանակ աշխատում էին: Սակայն, պարզվեց, որ թարմ ուղեղն էլ ինչ-որ բան արժի: Իմ բախտը բերեց, որ որոշ մրցակիցներ չկարողացան դիմադրել իմ հին հնարքներին»:

Արոնյանը հավելել է նաև, որ դեռ չգիտի, երբ տեղի կունենա հաջորդ մրցաշարը և դեռ չի մտածել դրա մասին. «Սակայն, հավանաբար, հաջորդ խաղը տեղի կունենա Վլադիմիր Կրամնիկի հետ, ապրիլին»: