Ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը՝ Ֆրանսիան ցույց տվեց իր անարդարցի դիրքորոշումը և շարունակում է նույն ոգով: Ինչպես հայտնում է 1news.az-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ղուլուսի Ղըլինչը թուրք-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված խորհրդաժողովում: Ըստ նրա, պաշտոնական Փարիզը միջնորդից վերածվել է հակամարտության կողմերից մեկին սատարողի»,-ասել է նա: Դեսպանը նշել է, որ Թուրքիան կբարձրացնի այդ հարցը ԵԱՀԿ-ում, այլ միջազգային կազմակերպություններում: «Եթե Ֆրանսիան հարգում է իրեն, նա ինքը պետք է մտածի ԵԱՀԿ ՄԽ-ից դուրս գալու մասին»,-ասել է դիվանագետը:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:
Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: