30 հունվարի 2012 - 21:34 AMT
2011 թվականին Արցախում ծնվել է երկու անգամ ավելի շատ մարդ, քան մահացել է

2011 թվականին Արցախում ծնվել է երկու անգամ ավելի շատ մարդ, քան մահացել է, ինչի արդյունքում հանրապետությունում գրանցվել է բնական աճ` 1289 մարդ: Միջազգային մասշտաբով Արցախում 1000 հոգուն բաժին է հասնում 18 նորածին, և այդ ցուցանիշը ԱՊՀ հանրապետությունների շարքում զիջում է միայն միջինասիական երկրների ցուցանիշներին:

Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 13.8, իսկ Ադրբեջանում` 17: Ինչպես հաղորդել է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքի շուկայի վիճակագրության և սոցիալական վիճակագրության կառավարման ղեկավար Լիլիա Պետրոսյանը, 2011թ. ծնվածների մեծամասնությունը` 52.3 տոկոսը տղա են, իսկ աղջիկները համապատասխանաբար կազմել են ընդհանուր թվի 47.7 տոկոսը: 2011 թվականին նաև երկվորյակների ծնունդի 23 դեպք է գրանցվել` 2010-ի 20 դեպքի դիմաց:

2011 թվականի ողջ ընթացքում Արցախում նորածինների տարածված անունների հաշվով փոփոխություններ չեն եղել: Աղջիկների համար ամենից հաճախ ընտրում են Աննա, Անի և Մանե անունները, իսկ տղաների համար` Դավիթ, Գոռ և Տիգրան:

2011 թվականին ԼՂՀ-ում գրանցվել է 939 ամուսնություն, ինչը 261-ով քիչ է, քան 2010-ին. զույգերի տարիքը հիմնականում տատանվում է 23-ից 27-ի միջև: Դրական առաջընթաց է գրանցվել նաև Արցախի բնակչության միգրացիայի հարցում. հանրապետություն է ժամանել 1109 մարդ, իսկ երկրից մեկնել է 663, հաղորդում է Արցախի հեռուստատեսությունը: