17 հոկտեմբերի 2003 - 22:38 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ
ԱՄՆ կիսում է ԵԱՀԿ-ի կարծիքն այն մասին, որ հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ադամ Էրելին: Նրա խոսքերով` ամերիկյան դիտորդները Ադրբեջանում ականատես են եղել «ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրների, ստիպողական քվեարկության դեպքերի եւ այլ խախտումների»: «Մենք նույնպես անհանգստացած ենք ընտրություններից հետո տեղ գտած բախումների մասին հաղորդագրություններով, եւ բոլոր կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել», - ասել է ամերիկյան դիվանագետը: «Ինչպես եւ նախկինում, մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում կատարել իր պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ եւ ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը եւ նրանց իրավունքների պաշտպանությունը: Մենք նույնպես կոչ ենք անում ընդդիմությանը գործել խաղաղ ճանապարհով եւ օրենքին համապատասխան», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: