31 հունվարի 2012 - 16:02 AMT
Գրիգոր Հարությունյան. ՀԱԿ-ի ընտրացուցակը պետք է գլխավորի Կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մեջ մտնող Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը դեմ է, որպեսզի ՀԱԿ-ի ընտրացուցակում առաջին համարների տակ լինեն Կոնգրեսի մեջ մտնող բոլոր 18 կուսակցությունների ղեկավարները: «Ես չեմ գտնում, որ դա ճիշտ է»,- հայտնել է նա այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում` ընդգծելով, որ դա իր անձնական կարծիքն է:

Հարությունյանի խոսքով` ցուցակը պետք է գլխավորի ՀԱԿ-ի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ երկրորդ տեղը պետք է զբաղեցնի Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Ինչ վերաբերում է ընտրացուցակի երրորդ տեղին, ապա այն պետք է զբաղեցնի «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, այլ ոչ թե Լևոն Զուրաբյանը, գտնում է ՀԺԿ ներկայացուցիչը:

Հարությունյանը նաև հերքել է լուրերն այն մասին, որ ՀԱԿ-ի ներսում պայքար է ընթանում ընտրացուցակում տեղերի քանակի համար:

Ինչպես հունվարի 30-ին հաղորդել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, Կոնգրեսը գալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ՀԱԿ-ի մեջ մտնող 18 կուսակցություններից բաղկացած բլոկով: Դրա հետ մեկտեղ Զուրաբյանն ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը շարունակում է մնալ ՀԱԿ-ի գլխավոր պահանջը, և մասնակցությունն ընտրություններին այդ նպատակին հասնելու գործիքներից մեկն է: