Երևան քաղաքի պատմության թանգարանը համալրվել է Արևելյան մշակույթի հարուստ հավաքածուով, որը ներառում է նաև բացառիկ նմուշներ: Հավաքածուն ամերիկաբնակ իրանահայ Ռոստոմ Ոսկանյանի նվերն է թանգարանին, որը հանձնել է նվիրատուի եղբայրը` Զավեն Ոսկանյանը: Թանկարժեք հավաքածուն թանգարանին հանձնելուն ներկա է գտնվել և նմուշներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 17-ից 19-րդ դարերում գործածված կրոնական ծիսակատարությունների և կենցաղային առարկաներ` հմայիլների տուփիկներ, հուռութներ, ճրագամաններ, կնիքներ, կողպեքներ, ջրի ծորակներ, արդուզարդ, անգամ Դարեհի ժամանակաշրջանի` 2500-ամյա մետաղադրամներ. հավաքածուն բաղկացած է 2000 ցուցանմուշից, որոնք նվիրատուն տարբեր տարիներին գնել է Իրան, Հնդկաստան, Պակիստան և արևելյան այլ երկրներ կատարած շրջագայությունների ժամանակ:
Փորձագետների խորհրդատվությունն ու 2000 ցուցանմուշների համար պատմական անձնագրեր կազմելը մի քանի ամիս կպահանջեն. հետևաբար հավաքածուն թանգարանում առանձին ցուցադրության է պատրաստվելու տարեվերջին: Ցուցանմուշներին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը Զավեն Ոսկանյանին է հանձնել Ռոստոմ Ոսկանյանին ուղղված Երևանի քաղաքապետի շնորհակալագիրը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: