2 փետրվարի 2012 - 10:53 AMT
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայերի գերեզմանո՞ց են գտել

Թուրքիայի Դիարբեքիր քրդական քաղաքում հնագիտական արշավախմբի աշխատանքների ժամանակ գիտնականները Իչքալե քաղաքային ամրոցի մոտ թաղված մարդկանց մասունքներ են հայտնաբերել: Սկզբում գիտնականները որոշել էին, որ մնացորդները պատկանում են 90-ական թվականներին գաղտնի ժանդարմերիայի (JITEM) կողմից սպանված քրդերին:

Սակայն, ինչպես գրում է թուրքական Taraf-ը, շուտով պարզվել է, որ գերեզմանոցը մոտավորապես 90 տարվա հնություն ունի, և ենթադրություններից մեկը դարձավ այն, որ մնացորդները պատկանում են 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում սպանված հայերին:

Վերջում հրատարակությունը բերում է որոշ տվյալներ, որոնց համաձայն 1914 թվականին Դիարբեքիր գավառում 56 166 հայ է բնակվել: Սակայն, արխիվային փաստաթղթերի համաձայն, հայերի 97 տոկոսն արդեն մեկ տարի անց «անհետացել է»: