2 փետրվարի 2012 - 17:48 AMT
L'Occidentale. Իրանի դեմ պատժամիջոցներից կտուժի ոչ թե Թեհրանը, այլ ողջ Եվրոպան

Իրանական նավթի վերաբերյալ ԱՄՆ կողմից պարտադրվող էմբարգոն Եվրոպային զգալի վնաս կպաճառի, հայտնում է ԻՐԻՅՈՒ-ն`հղելով իտալական L'Occidentale ինտերնետ-պարբերականին, որը ԵՄ առաջնորդների կողմից Օբամայի հրամանով ընդունած հակաիրանական պատժամիջոցները համարել է անմիտ: Պարբերականը նաև գրում է, որ այդ միջոցները էական ազդեցություն չեն թողնի Թեհրանի վրա, սակայն դրանց արդյունքում կտուժի Եվրոպան:

Ըստ պարբերականի, եթե Հունաստանը, Իսպանիան և Իտալիան կարճ ժամանակահատվածում չկարողանան փոխարինել իրանական նավթը, ապա Իրանը կկարողանա հեշտ և առանց ծախսերի իր նավթը վաճառել ավելի վստահելի գործընկերների, ինչպիսիք են Չինաստանն ու Հնդկաստանը: Իրանական նավթը բարձրորակ է և իտալական նավթամշակող գործարանները այդ հաշվարկով են կառուցվել:

Համաձայն հաղորդագրությունների, Իտալական նավթային միությունը հայտարարել է, որ Իրանի նավթային էմբարգոն բացասաբար կազդի բազմաթիվ իտալական նավթային ընկերությունների վրա: