2 փետրվարի 2012 - 18:49 AMT
Երևանի նոր «Նոյան տապան» պատմամշակութային համալիրն ունենալու է ռեստորան և հյուրանոց

Այսօր` փետրվարի 2-ին Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի հերթական նիստում քննարկման էր դրվել «Նոյան տապան» պատմամշակութային գիտակրթական համալիրի կառուցման հարցը: Այն բիզնես պլան է, որը պետք է կառուցեն «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն, գործարար Թորոս Ումրիկյանը «Արմարե» ընկերության հետ համատեղ:

Այն պետք է տեղակայվի Երևանի Հաղթանակ զբոսայգու բարձունքում` «Արագիլ» ռեստորանի հարևանությամբ` Արարատ լեռան ֆոնին: Այն պետք է լինի բնական չափսերով, զբաղեցնի 10.000 քմ տարածք: Ըստ մտահաղացման հեղինակների, համալիրն իր եզակիությամբ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Այնտեղ կտեղադրվեն Նոյի և իր ընտանիքի արձանները ու 120 կենդանիների մակետներ:

Տապանի առաջին հարկում նախատեսվում է ստեղծել վերը նշված թանգարանը, երկրորդ հարկում` գիտակրթական բաժին, երրորդ հարկում` հյուրանոցա-ռեստորանային համալիր, չորրորդ հարկում` դիտակետ: Տապանի տախտակամասում հատկացվելու է բոլոր պետությունների զինանշանների և գերբերի համար նախատեսված տարածք: Նախաձեռնող խմբի անդամներն են դերասան Սոս Սարգսյանը, երգիծաբան Արամայիս Սահակյանը, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը և այլն: Տապանը նախատեսվում է կառուցել 2 տարում և հատկացնել 20 մլն ԱՄՆ դոլար:

Հանրային խորհրդի անդամները կողմ քվեարկեցին միայն գաղափարին, համարելով, որ մյուս մանրամասներն անհրաժեշտ է հստակեցնել: