2 փետրվարի 2012 - 19:49 AMT
Ալեքսանդր Սկակով. Իրանը երբեք միջուկային հարված չի հասցնի Իսրայելին

Իրանը երբեք միջուկային հարված չի հասցնի Իսրայելին, Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժյեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: Նրա խոսքով` Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակումն իրականացվում է միայն իր անվտանգության համար երաշխիքներ ստեղծելու նպատակով` որպես օրինակ բերելով ԿԺԴՀ միջուկային ծրագիրը:

Սկակովը հիշեցրել է նաև, որ Իսրայելում են գտնվում ոչ միայն խոշորագույն քրիստոնեական և հուդայական, այլև մահմեդական սրբավայրերը:

ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ` կոծկված խաղաղ ատոմի ծրագրի տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը: Իրանի հանդեպ գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 պատժամիջոցային բանաձևեր` 1737, 1747, 1803 և 1929: