Google ընկերությունն իր պաշտոնական բլոգում հայտնել է, որ այսուհետ գործելու է Bouncer կոչվող համակարգը, որն ավտոմատ կերպով սկան անելով ստուգելու է Android Market վերբեռնվող բոլոր բջջային ծրագրերը՝ գտնելու վիրուս պարունակող և այլ վնասակար ծրագրերը։
Android ՕՀ-ի նախագծման փոխնախագահ Հիրոշի Լոկհեիմերի խոսքով, համակարգը թույլ կտա վերահսկել վերբեռնվող ծրագրերը և օգտագործողների համար ապահով կդարձնի Android Market-ը։
Bouncer համակարգը սկան է անելու ինչպես նոր վերբեռնվող, այնպես էլ արդեն գոյություն ունեցող ծրագրերը և նախագծողների հաշիվները (account): 2011-ին այս ծառայությունն աշխատում էր թեստային տարբերակով։ 2011-ի 2-րդ կիսամյակում համակարգը բացահայտել էր, որ 40%-ով նվազել են վնասակար ծրագրերը։
Հիրոշի Լոկհեիմերը նշել է, որ 100%-ով հնարավոր չէ կանխել վնասակար ծրագրերը, սակայն այս համակարգի միջոցով ռիսկերը նվազում են։
Android Market-ը Google-ի Android օպերացիոն համակարգի ծրագրերի օնլայն խանութն է։ Աշխարհում կա ավելի քան 250 միլիոն ակտիվացրած Android սարքավորում։ 2011-ի հոկտեմբերի տվյալներով Android Market-ում կա ավելի քան 250 000 ծրագիր։