Պատվիրակությունը, որի մեջ մտնում են Ֆրանսիայի մի խումբ սենատորներ, ովքեր Սահմանադրական խորհուրդ են դիմել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ հայտարարելու պահանջով, փետրվարի 5-ին այցով կժամանի Ադրբեջան Սփյուռքի հետ աշխատանքի պետակամ կոմիտեի հրավերով, հաղորդում է Trend-ը:
Պատվիրակության կազմի մեջ մտնում են սենատորներ Նատալի Գուլեն, Սիլվիա Գո-Շավենը, Ժան-Մարի Բոքելը, Էվրե Մորեն, Անդրե Ռեքսարը, Ջանի Լորժուն:
Այցի ժամանակ ֆրանսիական սենատորները հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանի Միլլի Մեջլիսում (խորհրդարանում), մի շարք նախարարություններում: Ֆրանսիայի Սենատի պատվիրակության այցը կտևի մինչև փետրվարի 10-ը:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում:
Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: Որոշ ֆրանսիական սենատորներ Սահմանադրական խորհուրդ են դիմել օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը: