7 հոկտեմբերի 2003 - 22:00 AMT
ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐԻ ՄԻՋԵՎ
Աշխատանքային այցով Աստրախանի մարզում է գտնվում Հայաստանի պատվիրակությունը` Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Ավերս» գործակալությունը, պատվիրակության կազմում են նաեւ ՀՀ խորհրդարանի պատգամավորներ եւ գործարարներ: Այցի ընթացքում կքննարկվեն համագործակցության հետագա հեռանկարները, այդ թվում նաեւ Աստրախանում կոնյակի արտադրության համատեղ գործարանի ստեղծման հարցը: Կողմերը մտադիր են համագործակցել նաեւ մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտում: Աստրախանի նահանգապետ Անատոլի Գուժվինի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամները քննարկել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման հնարավորությունները, որը կարող է աշխատել նաեւ Հայաստան-Իրան-Կասպից ծով-Աստրախան ուղղությամբ: Նշենք, որ Արարատի եւ Աստրախանի մարզերի միջեւ առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է 2001 թ-ին: