4 փետրվարի 2012 - 15:58 AMT
Էրդողան. Թուրքիան չի ենթարկվի ճնշմանը և կշարունակի անկախ քաղաքականություն վարել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ հենց գումար և ընտրազանգված ստանալով է առաջնորդվել Նիկոլյա Սարկոզին, երբ առաջարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

«Թուրքիան չի ենթարկվի ճնշմանը և կշարունակի անկախ քաղաքականություն վարել»,- հայտնել է վարչապետը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին` Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրինագծի ուժի մեջ մտնելը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ այն դիտարկվում է երկրի Սահմանադրական խորհրդի կողմից:

Եթե Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին պահանջի, Սահմանադրական խորհուրդը ստիպված կլինի որոշում ընդունել 8 օրվա ընթացքում: Սարկոզին իր դժգոհությունն է հայտնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ հայտարարելու համար որոշ ֆրանսիական սենատորների` Սահմանադրական խորհուրդ դիմելու որոշման կապակցությամբ:

Ֆրանսիայի նախագահը նախազգուշացրել է, որ եթե օրինագիծը չեղյալ հայտարարվի, դրանից հետո դիմում կներկայացվի Հոլոքոստի ժխտման քրեականացման դեմ:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի: