5 փետրվարի 2012 - 19:00 AMT
Քլինթոն. ԱՄՆ հետագայում ևս աջակցելու է ղարաբաղյան հակամարտության կողմերին` համաձայնության գալու

Փետրվարի 4-ին Մյունխենում կայացել է Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը: Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի բարեկամական գործընկերության, ինտենսիվ քաղաքական երկխոսության, պարբերական շփումների առնչությամբ եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու գործուն քայլերը փոխշահավետ համագործակցությունն առավել ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում էին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տարբեր միջազգային կազմակերպությունների գործունեությանը, տնտեսական համագործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների դրական ընթացքը, այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը եւ իր ամերիկյան գործընկերոջը ներկայացրել հունվարի 23-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպման արդյունքները:

Ղարաբաղյան կարգավորման առումով պետքարտուղար Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով եւ նշել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռք բերմանը եւ հիմնախնդրի հանգուցալուծմանը: