6 փետրվարի 2012 - 11:32 AMT
Փետրվարի 7-ին կանցկացվի միջոցառում` ինտերնետից անվտանգ օգտվելու կանոնների մասին

Փետրվարի 7-ին ապահով համացանցի միջազգային օրվա կապակցությամբ Վորլդ Վիժն Հայաստան ընկերությունը «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի և Մայքրոսոֆթ ընկերությունը «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում համատեղ միջոցառում են կազմակերպում «Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» խորագրով: Այս մասին տեղեկացնում են Վորլդ Վիժն ընկերության մամլո ծառայությունից։

Միջոցառման նպատակն է համացանցից և բջջային հեռախոսներից անվտանգ օգտվելու վերաբերյալ երեխաների, ծնողների և ուսուցիչների իրազեկությունը բարձրացնելը։

Միջոցառումը կմեկնարկի փոխըմբռնման հուշագրի ստորագրությամբ, որին կհետևի մամուլի ասուլիս: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվելու է Վորլդ Վիժն Հայաստանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Մայքրոսոֆթ Ար ԷՅ կազմակերպության և Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների Աջակցության Կենտրոն» հիմնադրամի միջև: Սա հնարավորություն կընձեռի կողմերին արդյունավետ համագործակցելու և բարձրացնելու համացանցի և բջջային հեռախոսների անվտանգ օգտագործման վերաբերյալ տեղեկացվածությունը, նաև կանխելու այս միջոցներով սպառնացող վտանգները:

Այնուհետև կներկայացվեն «Համացանցը և ես» և «Համացանցի օգտագործման կանոններն ինձ համար» թեմաներով աշակերտների կողմից պատրաստված տեսանյութեր:

Միջոցառման ընթացքում նաև առաջին անգամ կներկայացվի «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի միջոցով ստեղծված «Անվտանգ Համացանց» www.safeinternet.am կայքը:

«Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀԿ-ների, դպրոցների ներկայացուցիչներ, մրցույթին մասնակցած երեխաներ: