Մեծամասնական ընտրատարածքների կրճատումը կարող է անցումային որոշում հանդիսանալ ընտրական բարեփոխումների իրականացման և 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու համար: Այդ մասին Երևանում քաղաքական քննարկման ժամանակ հայտարարել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Ըստ նրա, մեծամասնական ընտրատարածքների թիվը կարելի է կրճատել 41-ից 15-ի կամ 20-21-ի` Երևանի վարչական շրջաններին համապատասխան:
Սաֆարյանը նաև հիշեցրել է, որ 2007-ին կուսակցության ընտրական ծրագրում խոսվել է 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին անցում կատարելու անհրաժեշտության մասին: Իսկ թե ինչու է կուսակցությունն այս հարցը բարձրացրել մի քանի ամիս առաջ, ապա ըստ նրա, այն ժամանակ հարցը նման հասարակական հնչեղություն չուներ:
Սաֆարյանը նաև նշել է, որ ԲՀԿ-ն առայժմ ներկուսակցական քննարկումներ չի անցկացրել համամասնական ընտրահամակարգին անցում կատարելու վերաբերյալ, և իր դիրքորոշումը կհրապարակի խորհրդարանական լսումներից հետո միայն:
ՀՀ ԱԺ-ը բաղկացած է 131 պատգամավորներից, որոնցից 41 ընտրվում է մեծամասնական, 90-ը` համամասնական կարգով:
Փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովը իր նիստի ընթացքում որոշում է կայացրել փետրվարի 15-ին խորհրդարանական լսումներ իրականացնել` 100-տոկոսանոց ընտրահամակարգին անցում կատարելու առնչությամբ:
2011թ դեկտեմբերի 27 ընդդիմադիր «Ժառանգություն» ու ՀՅԴ կուսակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով անցում կատարել 100- տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Այս նախաձեռնությանը իրենց աջակցությունն են հայտնել ՀԱԿ-ը և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր:
Հունվարի 26-ին ԲՀԿ-ն, ընդդիմադիր ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունները դիմել են ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին` 100 տոկոսանոց ընտրահամակարգին անցում կատարելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու խնդրանքով: