Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:
Այս հուշագրով ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն» ՀԿ-ն կարևորում են Հայաստան-Սփյուռք գործարար կապերի բարելավման անհրաժեշտությունը և նպատակուղղվում նպաստել Սփյուռքի հայ գործարարների ներդրումների ծավալների ավելացմանը և Հայաստանի արտահանման ներուժի հզորացմանը։ Ըստ հուշագրի երկու կողմերը համաձայնեցին պարբերաբար կազմակերպել համաժողովներ, կլոր սեղաններ, տեսաժողովներ` Հայաստան-Սփյուռք գործարար շրջանակների մասնակցությամբ, համահայկական ցուցահանդեսներ և տոնավաճառներ` Հայաստանում և այն պետություններում, որտեղ ապրում են մեծաթիվ հայեր:
Հրանուշ Հակոբյանն ընդգծել է, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության հիմնական նպատակներից է Սփյուռքի ներուժի համախմբումը` ի նպաստ ՀՀ զարգացման:
Արսեն Ղազարյանի խոսքով սփյուռքի նախարարությունը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը համագործակցության հաջող փորձ ունեն: 2011թ. ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայ առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների համահայկական համաժողով, որի արդյունքում ստեղծվեց «Համահայկական առևտրային ցանց»: