6 փետրվարի 2012 - 20:16 AMT
Կոմիտասի անվան քառյակը ելույթ է ունեցել Դուբրովնիկում

Կոմիտասի անվան պետական քառյակը փետրվարի 4-ին համերգային ծրագրով հանդես է եկել Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքի «Մալե Բրաչե» տաճարում: Համերգն իրականացել է Դուբրովնիկի քաղաքապետարանի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Քառյակի ելույթը «100 համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» նախագծի շարքից էր: Այն կայացել է Դուբրովնիկում անցկացվող Սուրբ Վլասիին նվիրված հոգևոր ամենամյա փառատոնի օրերին:

«100 համերգ` նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» նախագծի մեկնարկը տրվել է նոյեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգում է պետական հանձնաժողովը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Մինչև 2015 թ-ը նախատեսվում է իրականացնել 100 համերգ` նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի: