7 փետրվարի 2012 - 12:44 AMT
Բաղիշը վստահ է, որ ոչ մի ուժ չի կարող իրեն ձերբակալել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

ԵՄ հարցերով թուրք նախարար Էգեմեն Բաղիշը արտահայտվել է իր հանդեպ Շվեյցարիայում սկսված դատավարության մասին: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, Բրյուսել ուղևորվող նախարարը օդանավակայանում լրագրողներին ասել է, որ հանդես կգա մամուլի համար այցի ընթացքում:

«Ցյուրիխի հարգելի դատախազը կարող է զուր ժամանակ չվատնել հետաքննության վրա: Այն ժամանակ ես հայտարարեցի, որ 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն չեն: Այժմ ես դա կրկնում եմ: Ես, ինչպես և դուք, իմացա այդ մասին ԶԼՄ-ներից: Ոչ մի ուժ չի կարող ձերբակալել Թուրքական Հանրապետության այս կամ այն նախարարին»,-ասել է նա:

Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել թուրք նախարար, ԵՄ հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշի դեմ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ինչպես գրում է «Միլիեթը», գործը հարուցվել է Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածով՝ ռասիստական արտահայտությունների համար մեղադրանքով: Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական համաժողովում նախարարը թույլ է տվել իրեն ասել, թե «Հայոց ցեղասպանություն չի եղել»:

Ինչպես հայտարարել է Ցյուրիխի կանտոնի դատախազ Քրիստին Բրաունշվիգը Doğan գործակալությանը, նա մինչև վերջ կհասցնի հետաքննությունը, սակայն «պետք է հաշվի առնել թուրք նախարարի դիվանագիտական իմունիտետը»:

Որոշ տվյալների համաձայն, հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ հայ համայնքն իր դժգոհությունն է հայտնել: 2007թ. մարտին թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեկը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար մեղավոր ճանաչվեց ռասայական խտրականության մեղադրանքով: Փերինչեկը բողոքարկեց որոշումը, սակայն 2007թ. Շեվյցարիայի դաշնային դատարանը դատավճիռը անփոփոխ թողեց: