2 հոկտեմբերի 2003 - 00:04 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԿՍՏՈՒԳԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՌԱՕ ԵԷՍ ՌՈՍԻԻ»-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանի եւ Հայաստանի վերահսկիչ մարմինները պայմանավորվել են էներգետիկ եւ ռազմական ոլորտներում համատեղ ստուգումներ անցկացնելու մասին: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը` Հայաստանի վերահսկիչ պալատի ղեկավարության հետ Մոսկվայում համագործակցության մասին հուշագիր ստորագրելուց հետո: Մասնավորապես, Ս. Ստեպաշինի խոսքերով, 2004 թվականին նախատեսվում է ստուգումներ անցկացնել Հայաստանի էներգետիկ ոլորտում` հաշվի առնելով «ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից վերջին ժամանակներս հայկական մի շարք էներգետիկ օբյեկտների ձեռքբերումները: Նշենք, որ «ԵԷՍ Ռոսիի» ընկերությունն այսօր աշխատում է Հայաստանի երեք կարեւոր էնեգետիկ օբյեկտների հետ` Հայկական ատոմակայանի, Սեւան-Հրազդան կասկադի, որտեղ ընդգրկված է 5 հիդրոէլեկտրակայան, եւ վերջերս հավատարմագրային կառավարման հանձնված Հրազդանի ՋԷԿ-ի: