7 փետրվարի 2012 - 17:01 AMT
Արթուր Բաղդասարյան. Տարածաշրջանային անվտանգությունը բավականին խոցելի է

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր մասնակցել է Ջ. Մարշալի անվան կենտրոնի շրջանավարտների հայկական ասոցիացիայի, Եվրոպական անվտանգության ուսումնասիրման կենտրոնի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից համատեղ կազմակերպված «Հարավային Կովկաս` նոր մարտահրավերներ»

թեմայով սեմինարին, տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունից։ Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին և նշել, որ առկա չլուծված հակամարտությունների պարագայում տարածաշրջանային անվտանգությունը բավականին խոցելի է:

Ըստ ԱԱԽ քարտուղարի, Հայաստանը կարողանում է հաղթահարել ազգային անվտանգության սպառնալիքները և ներկայիս մարտահրավերները՝ սթափ գնահատելով իրավիճակը: Հայաստանի անվտանգության երաշխիքներից մեկը միջազգային ներգրավվածության աստիճանի բարձրացումն է, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացումը, կարծում է Արթուր Բաղդասարյանը։

Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գործում նա կարևորել է միջազգային կառույցների հետ համագործակցությունը, այդ թվում Եվրամիության՝ հարավկովկասյան երկրների հետ հարևանության քաղաքականության Արևելյան գործընկերությունը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև Եվրամիության հովանու ներքո իրականացվող հայ-վրացական սահմանների ինտեգրված կառավարման ծրագիրը:

ԱԱԽ քարտուղարը կարևորել է տարածաշրջանի երեք երկրների` Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար տնտեսական զարգացման հավասար միջազգային հնարավորությունների ապահովումը։ Ըստ նրա, սեմինարն իր գաղափարներով ներդրում կունենա Հարավային Կովկասում համագործակցության մթնոլորտի ձևավորման, կայունության ամրապնդման գործում: Իրենց ելույթներում ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և փոխըմբռնման մթնոլորտի ապահովման կարևորությունը: