7 փետրվարի 2012 - 17:57 AMT
Սամվել Նիկոյանը հանդիպել է Ալավերդիից ու Արթիկից եկած ուսանողների հետ

«Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 7-ին հանդիպել է Հյուսիսային համալսարանի Ալավերդու և Արթիկի բաժանմունքների ուսանողների հետ:

ԱԺ տեղեկատվության հետ միջոցների վարչությունից հայտնում են, որ Նիկոյանը համալսարանականներին պատմել է խորհրդարանի հիմնական` օրենսդրական և վերահսկողական գործառույթների մասին, ներկայացրել իշխանության երեք թևերի միջև գործող հավասարակշռումների և զսպումերի` Սահմանադրությամբ ամրագրված մեխանիզմները:

ԱԺ նախագահը կարևոր է համարել այն, որ հասարակական կարծիքները բախվեն հենց խորհրդարանում և ոչ թե հրապարակներում կամ փողոցներում, ինչը և պառլամենտարիզմի էությունն է:

Մինչ ԱԺ ղեկավարության հետ հանդիպումը, ուսանողները ներկա են եղել Ազգային ժողովի լիագումար նիստին: «Բաց դաս» ծրագրի շրջանակում Հյուսիսային համալսարանի սաներն արդեն երրորդ անգամ էին այցելում խորհրդարան: Ուսանողների գնահատմամբ` այցը խիստ օգտակար է օրենսդիր մարմնի գործունեությունը պատկերացնելու համար: