7 փետրվարի 2012 - 19:29 AMT
Բակո Սահակյան. Ցվետանա Պասկալևայի աշխատանքը Արցախի արդար ձայնը հասցնում է միջազգային հանրությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է հայտնի բուլղարացի հեռուստալրագրող Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակի շնորհանդեսին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահը բարձր է գնահատել Պասկալևայի նվիրումն ու երկար տարիների աշխատանքը` ուղղված արցախյան ազգային-ազատագրական պայքարի ճշմարտացի լուսաբանմանը, մեր շահերի և արդարության պաշտպանությանը: Բակո Սահակյանի խոսքով` դրա վառ օրինակն է «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարը, որը հանդիսանում է Արցախյան ազատամարտի վավերագրության լավագույն էջերից մեկը և իրականացնում է կարևոր առաքելություն` մեր արդար ձայնը հասցնելով միջազգային հանրությանը, օգնելով ճիշտ ու բազմակողմանի պատկերացում կազմել ղարաբաղյան հիմնախնդրի մասին:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: