7 փետրվարի 2012 - 19:45 AMT
Սերժ Սարգսյանի՝ երիտասարդ գիտնականներին աջակցելու խոստումը գործնական փուլ է մտնում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: ԿԳՆ-ից հայտնում են, որ երիտասարդ գիտնականների այս խումբը նախորդ տարեվերջին հանդիպում էր ունեցել Հանարապետության Նախագահի հետ: Երկրի ղեկավարը խոստացել էր երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով տարեկան 100 մլն դրամ հատկացնել: Հանրապետության նախագահի հանձնարարականով երիտասարդ գիտնականների գիտական ծրագրերի ընտրությունն ու աշխատանքների կազմակերպումը պետք է իրականացվի իրենց իսկ կողմից:

Այդ նպատակով ձևավորված երիտասարդ գիտնականների խորհրդի կազմում ընդգրկվել են 9 անդամներ՝ երեքական ներկայացուցիչներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գործող երիտասարդ ակտիվիստ գիտնականներից, Գիտությունների ազգային ակադեմիայից և առաջատար 3 բուհերից: «Խորհուրդի գործունեությունը պիտի լինի թափանցիկ, հանրային վստահության ապահովումը սկզբունքային և կարևոր հարց է: Ծրագրի հաջողվածության միակ նախապայմանը գիտական որոշակի արդյունք ունենալն է: Իսկ դրա համար պետք է ընտրության չափանիշները շատ հսատակ լինեն»,- շեշտել է Աշոտյանը:

ՀՀ ԿԳ նախարարը նաև նշել է, որ երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով ձևավորվել է խորհրդատվական խումբ, որում ներգրավվել են գիտության ասպարեզում վաստակ և ավանդ ունեցող մարդիկ: «Այսպիսով Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդ գիտանականներին աջակցելու խոստումը գործնական փուլ է մտնում»,- նշել է նախարարը և հավելել, որ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը ևս ներգրավված կլինի նախատեսվող գործընթացներում: