7 փետրվարի 2012 - 20:52 AMT
Ադրբեջանի առաջին տիկինն անձամբ շնորհակալություն է հայտնել ֆրանսիական սենատորների պատվիրակությանը

Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան հանդիպել է ֆրանսիական սենատորների պատվիրակության հետ` սենատոր Նատալի Գուլեի գլխավորությամբ: Պատվիրակությունը բաղկացած է այն սենատորներից, ովքեր Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ են դիմել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ հայտարարելու պահանջով: Պատվիրակության կազմի մեջ, բացի Նատալի Գուլեից, մտնում են սենատորներ Սիլվիա Գո-Շավենը, Ժան-Մարի Բոքելը, Էվրե Մորեն, Անդրե Ռեքսարը, Ջանի Լորժուն:

Ալիևան պատմել է, որ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին ադրբեջանական հասարակության մեջ «դժգոհություն» է առաջ բերել, և «շնորհակալություն հայտնել սենատորներին արդար դիրքորոշման համար»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

Որոշ ֆրանսիական սենատորներ Սահմանադրական խորհուրդ են դիմել օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը: