8 փետրվարի 2012 - 09:50 AMT
Anonymous-ը կոտրել է Սիրիայի նախագահի գրասենյակի էլեկտրոնային հասցեները

Anonymous հաքերային խմբավորումը կոտրել է Սիրիայի նախագահի ադմինիստրացիայի էլեկտրոնային հասցեները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պարզվում է, որ դրանցից բազմաթիվ էլհասցեներ ունեին հասարակ գաղտնաբառեր՝ «12345»։ Այս մասին են վկայում Anonymous-ի հրապարակած տվյալներն իրենց ստացած տեղեկությունների մասին։

Հաքերներին հասանելի են դարձել նախագահի ադմինիստրացիայի ղեկավարի և նախագահի խորհրդականի Էլնամակները։ Նամակներում մանրամասն քննարկվում է Բաշար Ասադի նախապատրաստությունը ABC News-ի թղթակցի հետ հարցազրույցին, որը կայացել է 2011-ի դեկտեմբերին։

Սիրիայում չեն դադարում հակաիշխանական բողոքի ցույցերը։ Ամեն օր գրանցվում են մահացության նոր դեպքեր՝ քաղաքացիների և ուժային մարմինների։ ՄԱԿ-ի տվյալներով զոհերի թիվն անցնում է 5000-ը։

Anonymous-ը հայտնի է 2011-ին կատարած մի շարք DDoS հարձակումներով խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված՝ PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Իր հաղորդագրություններում Anonymous-ը մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների՝ ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։