8 փետրվարի 2012 - 10:18 AMT
Նիկոլյա Սարկոզի. Թուրքիան պետք է հարգի իր գործընկերներին

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերում Թուրքիային, սակայն նա ևս պետք է հարգի իր գործընկերներին»,- Politique Internationale ամսագրին տված հարցարույցում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ֆրանսիայի հայ համայնքը դժգոհ է իշխող կուսակցության պատգամավորների աշխատանքից, որոնք ստորագրել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի բողոքարկման փաստաթղթի տակ: Հայկական համայնքի կարծիքով, իշխող կուսակցությունը չար կատակ խաղաց իրենց հետ: «Շատ տարօրինակ վարքագիծ են ցուցաբերում իշխող կուսակցության պատգամավորները` ընտրություններից մի քանի ամիս առաջ: Նրանք գողացան մեր հաղթանակը: Առաջիկայում կիմանանք, արդյոք նրանք չար կատակ չեն խաղացել մեզ հետ»,-հայտարարել է Ֆրանսահայ համայնքի ղեկավարներից մեկը՝ Ժյուլ Խարունյանը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

Որոշ ֆրանսիացի սենատորներ դիմել են Սահմանադրական խորհուրդ` օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Սպավում է, որ խորհուրդը որոշում կկայացնի մինչև մարտի 1-ը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է շրջանառության մեջ դնել նոր օրինագիծ, եթե Սահմանադրական դատարանը Սենատի կողմից հունվարի 23-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչի: