8 փետրվարի 2012 - 13:45 AMT
Բաղիշը չի հանդարտվում. Այժմ նա խնդրում է Բեռլինին լուծել Ֆրանսիայի և Թուրքիայի միջև պատմական վեճը

ԵՄ հետ հարաբերությունների հարցերով թուրք նախարար Էգմեն Բաղիշը կոչ է արել Գերմանիային լուծել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև պատմական վեճը: Այդ մասին նա հայտարարել է Welt-ին տված հարցազրույցում: Ըստ նրա, գերմանական արխիվներում պետք է պահպանված լինեն տեղեկություններ 1915թ դեպքերի վերաբերյալ, «որոնք այժմ այսքամ վեճերի պատճառ են դառնում»: Քաղաքական գործիչը կոչ է արել Բեռլինին իր արխիվները բացել պատմաբանների համար:

Շվեյցարիայում հետաքննություն են սկսել հենց Բաղիշի գործով: Գործը բացվել է համաձայն Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածի, ըստ որի նա մեղադրվում է ռասիստական արտահայտությունների մեջ: Մասնավորապես Դավոսի տնտեսական համաժողովում, նա իրեն թույլ է տվել նկատել, որ Հայոց ցեղասպանություն «չի եղել»:

Ցյուրիխյան շրջանի գլխավոր դատավոր Կրիստին Բրաունշվիգը Doğan գործակալությանը հայտարարել է, որ գործը մինչև վերջ հետաքննելու է:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: : Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Նախօրեին գերմանացի փորձագետները կանցլեր Անգելա Մերկելի հովանավորած կայքում տեղադրել են առաջարկ, որի համաձայն Գերմանիան պետք է հետևի Ֆրանսիայի և Շվեյցարիայի օրինակին և ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: