Փետրվարի 18-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունենալու համերգ` նվիրված Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին: Համերգին հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան): Այն կազմակերպել է նվագախումբը և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
Համերգում հնչելու են Յոհան Սեբաստիան Բախի Դաշնամուրի կոնցերտը (մենակատար` Անահիտ Առուշանյան), Էդուարդ Էլգարի Սերենադը լարային նվագախմբի համար: Համերգի երկրորդ մասում արդեն հնչելու է Ալֆրեդ Շնիտկեյի Կոնցերտը դաշնամուրի և լարային նվագախմբի համար, որի մենակատարն է լինելու Հայաստանում և Եվրոպայում սիրված դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր և Գուրգենովի ուսանող Հայկ Մելիքյանը:
Համերգը եզրափակելու է Դմիտրի Շոստակովիչի Կոնցերտը դաշնամուրի, շեփորի և լարային նվագախմբի համար, որի մենակատարն է լինելու ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Վարդան Հակոբյանը: