8 փետրվարի 2012 - 15:01 AMT
Թուրք լրագրող. Ես գիտեմ, որ Հայոց ցեղասպանությունը եղել է

Թուրք լրագրող Էրգյուն Բաբահանը հրապարակել է հոդված` նվիրված Թուրքիայում խոսքի ազատությանն ու Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հոդվածում հեղինակը ներկայացրել է իշխանությունների բազմամյա քաղաքականությունը, մասնավորապես` ընդգծելով նրնաց կողմից իրականացվող քարոզրությունն ու խոսքի ազատությանը խոչընդոտելը, որպես օրինակ բերելով Դինքի սպանությունը և այլ լրագրողների սպանությունները:

«Ես գիտեմ, որ Հայոց ցեղասպանությունը եղել է»,-գրում է նա:

Անդրադառնալով Թուրքիայի` Ֆրանսիայի Սենատի նկատմամաբ դիրքորոշումը, լրագրողը նկատել է, որ «թուրքական իշխանությունները չպետք է կապեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը այլ երկրներում խոսքի ազատության հետ»: Բաբահանի կարծիքով, նախ և առաջ Թուրքիան ինքը պետք է զարգացնի երկրի ներսում խոսքի ազատության ինստիտուտը:

«Իշխանությունները երկար տարիների ընթացքում մանրազնին կերպով վերահսկում են մամուլը»,-գրում է Էրգյուն Բաբահանը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը:

Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել թուրք նախարար, ԵՄ հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշի դեմ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ինչպես գրում է «Միլիեթը», գործը հարուցվել է Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածով՝ ռասիստական արտահայտությունների համար մեղադրանքով: Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական համաժողովում նախարարը թույլ է տվել իրեն ասել, թե «Հայոց ցեղասպանություն չի եղել»:

Ինչպես հայտարարել է Ցյուրիխի կանտոնի դատախազ Քրիստին Բրաունշվիգը Doğan գործակալությանը, նա մինչև վերջ կհասցնի հետաքննությունը, սակայն «պետք է հաշվի առնել թուրք նախարարի դիվանագիտական իմունիտետը»: