8 փետրվարի 2012 - 21:11 AMT
Ռուսաստանում Իրանի դեսպան. Իրանն ընդունակ է գրոհել ամերիկյան ուժերի վրա ամբողջ աշխարհում

Իրանը աշխարհի ցանկացած կետում ամերիկյան ուժերին պատասխան հարված հասցնելու ներուժ ունի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին, գրում է Ինտերֆաքսը:

«Ամերիկացիները լավ գիտեն, թե ինչ երկիր է Իրանը, մեր պոտենցիալը»,- ասել է նա` ընդգծելով, որ ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա հսկայական սխալ կլիներ:

ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ` կոծկված խաղաղ ատոմի ծրագրի տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը: Իրանի հանդեպ գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 պատժամիջոցային բանաձևեր` 1737, 1747, 1803 և 1929: