
Փետրվարի 9-ի` ժամը 08.20-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փակ Է Երևան-Եղվարդ-Բուժական ավտոճանապարհի` Արագյուղ-Բուժական հատվածը: Սաստիկ բուքի պատճառով փակ են նաև Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը:
Սաստիկ բուքի պատճառով դժվարանցանելի է Գյումրի-Աշոցք, Գյումրի Սպիտակ, Գավառ-Սևան ճանապարհահատվածները: Բուք է նաև Դիլիջան-Սևան հատվածում և Մեղրիի լեռնանցքում:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: