9 փետրվարի 2012 - 14:49 AMT
Ամարյան. Ընտրություններին ընդառաջ կրոնական կազմակերպություններն ակտիվացել են

Հայաստանում նոր կրոնական կազմակերպություններ չեն գրանցվել, բայց եղածները բարձրացրել են իրենց ակտիվությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը՝ հավելելով, որ պատճառը առաջիկա ընտրություններն են. «Առկա կրոնական կազմակերպություններում ես հոգևոր դաշտ չեմ տեսնում: Դրանք զբաղված են քաղաքական դաշտից օգուտ քաղելով»: Բանախոսը նշեց, որ բացի կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիներից, Հայաստանում գործող մնացած բոլոր կրոնական կազմակերպությունները քայքայիչ աղանդներ են. «Դրանց բուն գործունեությունը մարդկանց զոմբիացնելու եղանակով կառավարելի դարձնելն է՝ հատկապես խոցելի մարդկանց: 1988-ին ` երկրաշարժից հետո, դրանք ներխուժեցին Հայաստան: Մինչ այդ մեզ մոտ երկու-երեք կրոնական կազմակերպություն էր գրանցված, իսկ այժմ դրանց թիվը հասնում է մոտ 70-ի»:

Ամարյանը հավելեց , որ բոլոր քայքայիչ աղանդները փակ կառույցներ են, և քանի որ Հայաստանում դրանց գործունեությունը սահմանափակող հստակ օրենք չկա, կազմակերպություններին վերահսկելը շատ դժվար է դառնում:

«Այսօր բոլոր ասպարեզներում կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ են ներգրավված: Քաղաքականության մեջ նրանք ևս ակտիվ են, և շուտով խորհրդարան էլ կհասնեն: Մեզ այսօր հարկավոր են կրոնագետ հոգեբաններ, կրոնագետ իրավաբաններ, և այս ոլորտը լավ ուսումնասիրած լրագրողներ, հակառակ դեպքում մենք կշարունակենք զիջել տեղեկացվածության առումով»,-ասաց Ամարյանը: