9 փետրվարի 2012 - 15:45 AMT
Թուրք լրագրող. Բաղիշը ճիշտ տեղն ու պահը չի ընտրել Հայոց ցեղասպանության քննարկման համար

Թուրքական Milliyet-ում հրապարակված հոդվածում թուրք լրագրող Քադրի Գյուրսելը իր կարծիքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի` ԵՄ հետ հարցերով նախարար Էգմեն Բաղիշի հայտարարությունների վերաբերյալ:

Հեղինակի կարծիքով, «չմտածված» արտահայտությունները սադրող են և հանգեցնում են հեղինակության նվազեցման: «Բաղիշը ճիշտ տեղն ու պահը չի ընտրել Հայոց ցեղասպանության քննարկման համար: Նա պետք է հաշվի առներ, որ գտնվում է մի երկրում, որտեղ գոյություն ունի նմանատիպ հայտարարությունները քրեականացնող օրենք: Նա ժամանակ ուներ, նախքան կարտասաներ ցեղասպանությունը ժխտող այդ արտահայտությունը»,-գրում է նա:

Լրագրողը անդրադարձել է նաև Բաղիշի հայտարարությանը. «Ձերբակալեք ինձ, եթե կարող եք», որն ուղղված էր Շվեյցարիայի իշխանություններին: Գյուրսելի կարծիքով, նման արտահայտություններն ավելի են վարկաբեկում քաղաքականությունը:

Նմանատաիպ հայտարարությամբ հանդես գալուց առաջ, Բաղիշը պետք է հաշվի առներ, որ Ֆրանսիայում ներկայումս ընթանում է նմանատիպ օրինագծի քննարկում, և սահմանադրական խորհուրդը կարող է որոշում կայացնելիս հաշվի առվել թուրք քաղաքական գործիչների նմանատիպ վարքը:

Շվեյցարիայում հետաքննություն են սկսել հենց Բաղիշի գործով: Գործը բացվել է համաձայն Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածի, ըստ որի նա մեղադրվում է ռասիստական արտահայտությունների մեջ: Մասնավորապես Դավոսի տնտեսական համաժողովում, նա իրեն թույլ է տվել նկատել, որ Հայոց ցեղասպանություն «չի եղել»:

Ցյուրիխյան շրջանի գլխավոր դատավոր Կրիստին Բրաունշվիգը Doğan գործակալությանը հայտարարել է, որ գործը մինչև վերջ հետաքննելու է:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: : Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: